Սուտ է և բամբասանք․ պատգամավորները Քոչարյանի...

Այսօր «Հրապարակ» օրաթերթը հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ երկրորդ նախպագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է պասիվանալ․ «թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ ...Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»,-գրել է օրաթերթը։

Հայաստան դաշինքի մի շարք պատգամավորներ սուտ և բամբասանք որակեցին հրապարակումը։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն օրինակ մեզ հետ զրույցում ասաց, որ սուտ է. «Սուտ լուր է, չի համապատասխանում իրականությանը»։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բամբասանք որակեց հրապարակումը և հրաժարվեց մեկնաբանել․ «բամբասանքներ չեմ մեկնաբանում»,-ասաց նա մեր լրագրողի հետ զրույցում։

Գեղամ Մանուկյանին էլ զարմացրեց, այն հանգամանքը, որ լրատվամիջոցների համար փակ նիստի վերաբերյալ նման հրապարակում է եղել․ «Որքան հիշում եմ որևէ լրագրող հանդիպմանը ներկա չի եղել, եթե իհարկե սեղանի տակ չի եղել։  Իսկ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Մանուկյանը։

«Խմբակցության հետ վերջին հանդիպման ընթացքում նման որևէ հայտարարություն չի եղել: Ճիշտ հակառակը` հանդիպումն ունեցել է ակտիվ աշխատանքային բնույթ, ունեցել ենք կարևոր քննարկումներ առաջիկա գործունեության վերաբերյալ»,-այս մասին էլ հայտարարեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։