Սուրբ Աթոռում նախկին դեսպանին պատկանած ընկերո...

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը.  նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում: