Երբ օգոստոսի վեցին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, թերեւս չէր էլ պատկերացնում, որ այդ հայտարարությունը, որն ակնհայտորեն պոպուլիզմի ու դեմագոգության դասական օրինակ էր, ներքին լսարանի սպառման համար նախատեսված, պահի ազդեցությամբ, պահի զգացականության եւ հուզականության ֆոնի վրա արտասանված, կարող է դառնալ նման մեծ խնդիր միջազգային հարթակում, այն աստիճան, որ արձագանքները լինեն կոշտ սկսած Մոսկվայից մինչեւ Վաշինգտոն։
Բրիտանական BBC-ի Hard Talk-ում էլ հարցը բնականաբար չշրջանցվեց։ Առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ կապված որոշակի կոնցեպտ չունեցող Փաշինյանի կատավարության արտաքին քաղաքական գերատեսչության հարցում այդ հաղորդմանը բավական ծանր վիճակ էր ստեղծվել, քանի որ հաղորդավար Սթիվըն Սակուրը մեղմ ասած՝ ծանր ու անհարմար դրության մեջ էր դրել Զոհրաբ Մնացականյանին, պարզ տրամաբանությամբ, որ երբ հայտարարություն է հնչում Հայաստանի ղեկավարի կողմից, թե Արցախն Հայաստան է եւ վերջ, դա ուղղակի կերպով հարցականի տակ է դնում Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղությունն ու բանակցային խաղաղ գործընթացը։ Սակուրը լրագրող է, նաեւ պարտավոր չէ խոսել հայանպաստ դիրքերից, սակայն Մնացականյանը պարտավոր էր մնալ հայանպաստության դիրքերում, ինչը մեղմ ասած, չկարողացավ անել, ու արդյունքում նույնիսկ «ջրեց» Փաշինյանի խոսքերը։
Զոհրաբ Մնացականյանը, զարմանալիորեն, Փաշինյանի կողմից Հայաստանի մաս որակված Արցախը եւ Արցախի հիմնահարցը դարձնում է մի հարց, որը կապված է արցախահայության անվտանգության հետ ընդամենը եւ ոչ ամենեւին Արցախի բնակչության ազատ կամարտահայտության եւ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության ապահովման հարց, իսկ հետո, շատ սահուն կերպով, Արցախը ներկայացնում է, որպես տարածք, որտեղ ապրում են հայեր։ Առհասարակ նման լղոզվածության ֆոնին, արտահայտությունը, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար, ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդի, արդեն զրոյական արժեք ունի, քանի որ Սակուրի դիտարկումը ճիշտ է, որ նման հայտարարություն անելով Փաշինյանը լրջագույն խախտումներ է կատարել կապված միջազգային իրավունքի հետ։
Անշուշտ սա հասկանում է նաեւ կադրային դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը եւ փորձում խուսանավել, սակայն հասկանալի է, որ խոցելի կետից բռնած Սթիվըն Սակուրը մինչեւ վերջ էր հարցը առաջ տանելու, այն աստիճան, որ Մնացականյանը անուղղակի կերպով ժխտեր հենց Փաշինյանի ասածը, ինչը եւ արեց, եթե անկեղծանանք ու հարցազրույցն ուշադրությամբ դիտենք։



