Ստեփանակերտը պետք է դարձնել նույնքան հայկական...

ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանի պատկերացմամբ՝ Ստեփանակերտը պետք է դարձնել նույնքան հայկական մայրաքաղաք, ինչպիսին Երևանն է:

«Իսկ ո՞վ ասաց, որ համահայկական կառույցների գլխավոր գրասենյակները պետք է միայն Երևանում լինեն, այլ ոչ թե մի մասը Ստեփանակերտում տեղակայվի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարող է լինել դրա ծիծեռնակ վարակիչ օրինակը: Շատ լոբբիստական կազմակերպություններ ունեն իրենց ներկայացուցչությունները, որոնք կարող են շատ արագ գաղափարական փոփոխության իմաստով գլխավոր գրասենյակը դարձնել Ստեփանակերտինը` պահպանելով իրենց ներկայացվածությունը Երևանում: Գիտակցված ցանկության իմաստով սա շատ իրատեսական է և ողջունելի», - գրել է Պողոսյանը։

Ըստ նրա՝ այս հարցում նաև պետության կողմից պիտի քայլեր արվեն: 

«Պատմությունը և պատմության հաջողված փորձերը կրկնել նույնպես կարևոր է: Օրինակ՝ երբեևէ դիտարկե՞լ ենք, թե ինչ կառույցներ ենք ունեցել սկսած 1990-ից, որոնք օգնել են Արցախին և Հայաստանին համատեղ դիմակայել դժվարություններին ու մարտահրավերներին: Օրինակ՝ «Հատուկ ծրագրերի վարչությունը»: Այն ոչ միայն կոորդինացնում էր բոլոր կապերը, այլև կադրային դարբնոց էր պետականության գիտակցման և պետական ինստիտուտների համար: Դե էլ չասեմ, որ իրական տրամադրվածության դեպքում հենց այսօր պետք էր նախաձեռնել Արցախի կամ Հայաստանի կառավարության կազմում «Ինտեգրման նախարարություն»: Բայց... դե դուք հասկանում եք», - նշել է քաղաքագետը։

Նա, սակայն, նշել է՝ հույս չունի, թե իրեն լսող լինելու է. «Բայց գոնե ինքս ինձ հետո չեմ մեղադրի, որ առաջարկներ չեմ արել»։