Ստեփանակերտում կայացավ «Արցախյան հիմնախնդիրը...

Այսօր՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հրատարակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ գրքի ստեղծման համար նախարարության անձնակազմն աշխատել է մոտ մեկ տարի:

Արտգործնախարարի խոսքով՝ գիրքը բաղկացած է երեք հիմնական մասից:

Առաջինը պատմական անդրադարձն է, որտեղ ներառված են պատմական անհրաժեշտ, կարևոր հասկացություններ թե´ Արցախի, և   թե´ Ադրբեջանի վերաբերյալ:
Երկրորդ մասն առընչվում է հակամարտությանը, նրա կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտներին: Երրորդում երկայացված են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթները, այն երկրներն ու նրանց միավորումները, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետությունը և տարբեր բանաձևեր են ընդունել ի սատար Արցախի:
Հատուկ ընդգծված է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Աշխատությունն օգտակար տեղեկություններ, փաստեր և խորհրդատվություն է պարունակում հասարակական, քաղաքական, գիտակրթական ոլորտների և տեղեկատվական դաշտի ներկայացուցիչների համար:

«Հակառակորդի կողմից տեղեկատվական պատերազմը շարունակվում է և էլ ավելի է ուժեղանալու մոտակա տարիների ընթացքում: Մենք պետք է կարողանանք պատշաճ ձևով պատասխանել նրա փաստարկներին և պատրաստ լինել ըստ ամենայնի պահպանել և պաշտպանել մեր դիրքերը»,-նշել է Դ. Բաբայանը:

Նա ընդգծել է, որ աշխատության նյութերը ներկայացված են փաստերի և խորհուրդների տրամաբանությամբ, ինչը թույլ է տալիս առավել համապարփակ պատկերացում կազմել շոշափվող թեմաների վերաբերյալ։

Կարևորելով աշխատությունն արտասահմանյան ընթերցողներին հասանելի դարձնելը` արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով լույս կընծայվի ռուսերեն տարբերակը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են: