Սթարմերն աջակցել է Զելենսկիի որոշմանը հակամար...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ խելամիտ է համարում զինված հակամարտության պայմաններում նախագահական ընտրություններ անցկացնելուց նրա հրաժարվելը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի ղեկավարի, և ասել, որ միանգամայն խելամիտ է հետաձգել ընտրությունները հակամարտության ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես օրինակ նա նշել է, որ նույն կերպ է վարվել նաև Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Գրասենյակը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է «բոլոր կողմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»։ Նա նաև աջակցություն է հայտնել «Ուկրաինայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։