Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն իր դիրքորոշումն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.
«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ): Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նույնպես ֆեյսբուքյան անդրադարձ է կատարել` կոնվենցիայի մի քանի վտանգներ մատնանշելով.
«Բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում) ստորագրվել է բռնությունները կանխարգելող կոնվենցիան: Այդ պատճառով այն կոչվում է ստամբուլյան կոնվենցիա: Սա խորհրդանշական է, հատկապես Հայաստանի համար:
Պետք է կրկնեմ, որ դեմ եմ որևէ տեսակի բռնությանը, այդ թվում՝ կանանց կամ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Բռնությունների դեմ պայքարը պետք է կազմակերպվի օրենսդրական մեխանիզմներով և հետևողական իրավակիրառական պրակտիկա ձևավորելով:
Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող են առաջանալ նաև հետևյալ խնդիրները՝
1. Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա (12-րդ հոդվածի 1-ին մաս).
2. Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ․
Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են ……. կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը:
Մեր Սահմանադրությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների ավանդույթները պահպանելու իրավունքն է երաշխավորել (56-րդ հոդված), իսկ կոնվենցիան ընդունելու դեպքում պետք է իր ժողովրդի ավանդույթները արմատախիլ անի: Այս թեզի ընդդիմախոսները կպնդեն, որ բացասական ավանդույթները վերացնելու մասին է խոսքը, բայց ով է որոշելու դա բացասական է, թե՝ ոչ, երբ կոնվենցիայում կան շատ վիճելի հասկացություններ»- մեջբերում ենք գրառման մի հատվածից:



