Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների կողմից Ստամբուլում ստորագրված համատեղ հռչակագրում ընդգծվել է քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ստամբուլի հռչակագիրը ստորագրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի կողմից՝ եռակողմ ձևաչափի 10-րդ հանդիպման շրջանակում։
Փաստաթղթում ընդգծվում են երեք երկրների միջև առկա սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Կողմերը վերահաստատել են քաղաքականության, տնտեսության, առևտրի, անվտանգության, գիտության ու տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու պատրաստակամությունը։
Հռչակագրում նշվում է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևոր ներդրում են ունեցել կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը նպաստում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող տարածքների զարգացմանն ու բարգավաճմանը։
Կողմերը մտահոգություն են հայտնել ժամանակակից մարտահրավերների, այդ թվում՝ ահաբեկչության բոլոր ձևերի, անդրազգային կազմակերպված հանցավորության, կիբեռհարձակումների և հիբրիդային սպառնալիքների կապակցությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է նաև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի տնտեսական ներուժի ամրապնդման նպատակով։
Հռչակագրով վերահաստատվել է երեք երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ և անվերապահ աջակցությունը։
Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության կարևորությանը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ նախապայման են համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար։ Նախարարներն ընդգծել են նաև Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կարևորությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։
Հռչակագրում կարևոր տեղ է հատկացվել տրանսպորտային և էներգետիկ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կանաչ էներգիայի և ցածր ածխածնային տեխնոլոգիաների զարգացմանը։ Առանձին նշվել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի և Հարավային գազային միջանցքի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Կողմերը կարևորել են նաև ժողովուրդների միջև շփումների, կրթական, մշակութային և սոցիալական փոխանակումների, զբոսաշրջության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման խթանումը, ինչպես նաև օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների միջոցով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը։
Հռչակագրում նշվում է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու՝ Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Ընդգծվել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու առանցքային դերը և ողջունվել հունիսի 2-ին Վրաստանի Ախալքալաքի միջազգային երկաթուղային կայարանում նախագծի արդիականացման աշխատանքների ավարտի կապակցությամբ անցկացված միջոցառումը։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը շարունակելու են համագործակցությունը տարածաշրջանային կապակցվածության խորացման ուղղությամբ՝ արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ձևաչափի շրջանակում, ինչպես նաև աջակցելու են էներգետիկ ոլորտում գործընկերության ընդլայնմանը, ներառյալ մաքուր էներգիայի փոխանցման և առևտրի բնագավառները։
Նախարարները կարևորել են նաև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործման ոլորտներում համագործակցության զարգացումը։
Հռչակագրում ողջունվել է Թուրքիայի նախագահությունը COP31 համաժողովում, ինչպես նաև բարձր է գնահատվել Ադրբեջանի կողմից Համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի կազմակերպումը՝ որպես կայուն զարգացման խթանման գործում ներդրում։
Փաստաթղթով վերահաստատվել է երեք երկրների հանձնառությունը ահաբեկչության, կիբեռհանցավորության, մշակութային և պատմական ժառանգության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, միգրանտների մաքսանենգության և փողերի լվացման դեմ պայքարում համագործակցության խորացման հարցում։
Կողմերը կարևորել են ներդրումների խրախուսումը, արտահանման և ներմուծման հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև գործարար համայնքների, առևտրաարդյունաբերական պալատների և բիզնես միավորումների միջև ուղիղ կապերի զարգացումը։
Հռչակագրում ողջունվել է նաև փետրվարի 26-ին Վրաստանում անցկացված Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան 7-րդ բիզնես համաժողովը և բարձր գնահատվել երեք երկրների միջև գործող համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությունը։
Նախարարները որոշում են ընդունել եռակողմ ձևաչափի 11-րդ հանդիպումն անցկացնել Վրաստանում՝ 2027 թվականին։ Հանդիպման անցկացման ժամկետները կճշտվեն կողմերի միջև հետագա համաձայնությամբ։



