Ստամբուլում հակակառավարական ցույցեր են

Ստամբուլում սեպտեմբերի 7-ի գիշերը սկսվել են հակակառավարական ցույցեր:

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության ( CHP) գլխավոր գրասենյակի մոտ, որտեղ սկսվել են բախումներ ոստիկանության հետ, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։ Բողոքի ակցիան ուղղված է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական որոշումների դեմ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքում են ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության ղեկավարությանը պաշտոնանկ անելու որոշման դեմ, որի առաջնորդներից մեկը՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կալանքի տակ է մայիսից։

Ցուցարարները կոչ են անում «կաթսաների ակցիաների». նրանք քայլում են փողոցներով և թակում կաթսաներ՝ ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտրարաել է. «Մենք չենք վախենում, չենք հանձնվում և չենք հանձնվի» և հավելել. «Ես բոլոր դեմոկրատներին, բոլոր CHP անդամներին հրավիրում եմ մեր նախնյաց տուն՝ Ստամբուլ։ Մենք կկանգնենք Հանրապետության վրա հարձակվողների դեմ»։

Այս կոչից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում գրառում է արել և նշել, որ մարդկանց փողոց դուրս բերելու փորձը օրենքի ակնհայտ խախտում է և ոչ ոք օրենքից վեր չէ։ «Պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ»։

Ցույցերին անդրադարձել է նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը։ Նա նախազգուշացրել է հեռարձակողներին՝ նշելով, որ ոչ մի դեպքում թույլատրելի չեն լինի հեռարձակումները, որոնք սպառնում են հասարակական կարգին և հրահրում բռնություն։

Ստամբուլի նահանգապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ բողոքի ցույցերի համար եռօրյա արգելք է հայտարարվել վեց շրջանում։

Բացի այդ ողջ Թուրքիայում խնդիրներ կան սոցիալական ցանցերի մասնավորապես X, Instagram, TikTok, YouTube և WhatsApp հասանելիության հետ կապված։