Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի...

Հարգելի՛ հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իմաստախոսությունն ասում է՝ հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։ Մայիսյան եռատոնի խորհուրդն առաջին հերթին մարտնչող բնավորության հաղթանակն էր մի ժողովրդի, որը չերկնչեց, չզիջեց և մեծ զոհողությունների գնով կերտեց մեր նորօրյա պատմության փառավոր հաղթանակների էջերը։

Ես այն երջանիկներից եմ, որին բախտ է վիճակվել մասնակցել Շուշիի ազատագրման ռազմագործողությանը վեցերորդ վաշտի կազմում, որը առաջիններից մեկը մտավ բերդաքաղաք: Իրար էին միախառնվել ուրախությունն ու տխրությունը՝ հաղթանակի բերկրանքն ու զոհված ընկերների կորստյան ցավը… Մեր վաշտից նրանք հինգն էին. ունեցանք նաև տասը վիրավոր:

Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին:

Տարիներ անց ամեն անգամ մենք նորովի ենք իմաստավորում Եռատոնի խորհուրդը: Դա մեր նախորդների կատարած հերոսական գործի հետ յուրահատուկ կապի ամրապնդումն է, որի արժանի շարունակությունը ապահովում է մեր բանակը:

Այսօր բոլորիս խնդիրը մեր ժողովրդի համար չափազանց թանկ արժեցած անկախությունը պահպանելն է, մեր պետականության հիմքերը շարունակաբար ամրացնելն ու պետությունը հզորացնելն է, իսկ այդ ամենը յուրաքանչյուրիս ամենօրյա նվիրումն ու անշահախնդիր աշխատանքն է պահանջում: Միասնաբար կերտենք մեր երազած Հայրենիքը՝ հանուն ներկա և գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի:

Շնորհավո՛ր Եռատոն: