Համաժողովրդական շարժման բնույթը հենց այն է, որ այստեղ տարբերակումներ չկան, բոլոր քաղաքական, հանրային, մասնագիտական տարբեր միավորներ փորձում են միասին գալ հրապարակ եւ խոսել այդ խնդիրների մասին. սա այս շարժման առավելությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Այն, ինչ մեզ վերջին տարիներին բեւեռացրել է, թշնամացրել է, այս շարժման մեջ չկա: Ես հաջողության գրավականը հենց դրա մեջ եմ տեսնում: Ինձ թվում է, որ սրանից առավել միավորման հնարավորություն կամ հարթակ հնարավոր չէ ձեւավորել»,-ասաց նա:
Աշոտ Ղուլյանի խոսքով հերթական քաղաքական սխալներից է, որ իշխանությունները շեշտադրում են այս շարժման մեջ արցախցիների առկայությունը. «Այս հրապարակում միայն արցախցիները չեն, բայց բնական է, որ արցախցիներ կան եւ քիչ չեն: Բնական է նրանց մասնակցությունը, որովհետեւ նրանք այս ամենը անցել են: Այն, ինչ մենք վերջին մեկ տարում ապրել ենք Արցախում, Հայաստանի կողմից մեզ մենակ թողնելը, արտաքին քաղաքական իրավիճակում մեկուսացումը, այդ ամենը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում: Մենք չենք կարող անտարբեր լինել, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները նորից կանգնած այդ նույն մարտահրավերների առաջ: Մենք փորձում ենք մեր աջակցությունը բերել»,- ընդգծեց Ղուլյանը: