Politik.am-ին դիմած Արարատի մարզի մի քանի բնակիչներ մեզ հայտնեցին, որ նախորդ տարվա ընթացքում «Սպայկա» ընկերությունը իրենցից ծիրան է մթերել՝ միջնորդի միջոցով, բայց մինչ այս պահը իրենց չեն վճարվել մթերման գումարները:
Մեր զրուցակիցներն ասացին, որ իրենց տեղեկություններով՝ «Սպայկան» գումարը փոխանցել է միջնորդին, բայց վերջինս չի տվել իրենց հասանելիքները:
Politik.am-ը հարցի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ «Սպայկա» ընկերությունից, սակայն ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանին մեր հարցը նյարդայնացրեց.«Ես բացառում եմ, պատմության մեջ նման բան չի եղել: Փոխանցեք դիմողների և միջնորդի անունները»:
Մեզ դիմած քաղաքացիների ցանկությամբ՝ Կարեն Բաղդասարյանին փոխանցեցինք միայն միջնորդի անունը, սակայն փոխտնօրենը առանց բնակիչների անունների չցանկացավ մեկնաբանություն տալ:
Լուսանկարում՝ ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյան:



