Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները...

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Այս մասին հայտնում է Մասյացոտնի թեմը։

«Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։

Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նշել է․ «Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու»։