Ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ առաջվա աշխարհակարգը, որում աշխարհն ապրել է վերջին տասնամյակների ընթացքում, փաստացի դադարել է գոյություն ունենալուց։ Կանցլերը նման միտք է հայտնել Բեռլինում Süddeutsche Zeitung-ի կազմակերպած տնտեսական համաժողովում։
Մերցը նշել է, որ ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, բայց մի բան ակնհայտ է. Արևմուտքում մոտ 80 տարի և Արևելքում մոտ 35 տարի տևած մոդելն անցյալում է։ «Մենք հենց այս պահին՝ այս օրերին և շաբաթներին, ականատես ենք լինում նախկին աշխարհակարգի ավարտին»,- ընդգծել է նա։ Մերցը միաժամանակ նշել է, որ նոր համակարգի ձևավորումը հնարավոր է միայն Գերմանիայի եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Կանցլերը նշել է, որ Գերմանիայի կառավարության առջև այսօր ծառացած մարտահրավերները նույնքան նշանակալի են, որքան հազվադեպ են եղել երկրի հետպատերազմյան պատմության մեջ։ Հիմնական խնդիրների շարքում նա նշել է Ուկրաինայի հակամարտությունը, Չինաստանի հետ հարաբերությունները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև առևտրային լարվածությունը։
Մերցը հայտարարել է նաև «Ատլանտյան օվկիանոսում խորը ճեղքվածքի» մասին, որը կասկածի տակ է դնում գրեթե ամեն ինչ, ինչը տարիներ շարունակ համարվել է տրանսատլանտյան հարաբերությունների հիմքը։



