Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնել են աշխատանքը՝ շահագործող ընկերության հետ Գեղարքունիքի մարզպետարանի տարած աշխատանքի, ունեցած հանդիպումների արդյունքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Մարզպետարանը հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել: Դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,-ասաց նա:
2023 թվականին Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ խոչընդոտելով շահագործման աշխատանքներին: Հանքը շահագործող ընկերությունը մայիսի 30-ին հայտարարել էր աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով բաց հանքի շահագործումը դադարեցնելու և անձնակազմին հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին:
Հանքավայրն անցել է ստորգետնյա շահագործման: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցրել էր, որ Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է, դա չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով: Նա տեղեկացրել էր, որ ներկայում Սոթքի հանքավայրն ունի ավելի քան 200 աշխատակից, որոնց թիվը արտադրական նախագծային հզորությունների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է հասցնել 500-ի: