
Առողջապահության նախարարությունից հայտնում է.
Անդրադառնալով Factor.am կայքի թողարկած «487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան
բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝
մեկ անձից, գնումներ է կատարել» վերտառությամբ հոդվածին, հայտնում ենք, որ առողջապահության
նախարարությունը ապահովագրական ընկերություններին «պատահար տեղի ունենալու դեպքում» բժշկական
ծառայությունների դիմաց հատուցելու գործառույթ չի իրականացնում:
Պատահարի դեպքում ապահովագրական հատուցում իրականացվում է «Ավտոտրանսպորտային
միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի
դրույթներին համապատասխան՝ ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից:
Առողջապահության նախարարությունը կնքում է պայմանագրեր «Պետական հիմնարկների և
կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (սոցիալական
փաթեթ)» ձեռք բերման համար:
Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը,
որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական
ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից, երբ Արսեն Թորոսյանը դեռևս
առողջապահության նախարար չէր:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված «Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար
«հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման
պայմանագիր» ձևակերպմանը, ապա արձանագրենք, որ առողջապահության նախարարության և նյութում
հիշատակված ապահովագրական ընկերությունների միջև 2021 թվականին կնքվել են պայմանագրեր`
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք դրույթներին համապատասխան,
ծառայությունների դիմաց ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցներով և ապահովագրական
հատուցումներով իրականացնելու համար: