Սոցցանցերում ԿԳՄՍՆ-ի անունից կեղծ հաղորդագրու...

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով՝ իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:

Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում /https://www.instagram.com/min.escs.arm/, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում /https://www.facebook.com/minESCSarm/:

Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով:

Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները»,-ասվում է հաղորդագրությունում: