ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի բանակցություններով, և երկու կողմերը պետք է գնան զիջումների։ Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
«Սխալ է, որ մենք ինչ-որ կերպ հասել ենք նրան, որ մարդկանց թույլ ենք տվել հավատալ, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանին՝ ամեն ինչ հետ մղելով այն վիճակին, որը 2012-ին կամ 2014-ին էր, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը»,- մեջբերում է նրան Украинская правда-ն։
«Երկու կողմերն էլ սարսափելի գին են վճարում այս պատերազմում, երկու կողմերն էլ հասկանում են, որ չեն հասնի իրենց մաքսիմալիստական նպատակներին»,- ասել է Ռուբիոն։
«Շատ աշխատանք կա անելու,- ասել է նա,- և միայն ԱՄՆ-ի հետ նախագահ Թրամփի ղեկավարությամբ դա հնարավոր կլինի»: «Դա հեշտ չի լինի, և դա ժամանակ կպահանջի, բայց ես գիտեմ, որ նա վճռական է դա անել», - ավելացրել է պետքարտուղարը:
Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդում էր, որ կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն պաշտոնը ստանձնելուց ի վեր նա այլ քայլ չի ձեռնարկել, քան ավելի շատ հայտարարություններ անելը։
Նա, մասնավորապես, ասել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակառակ դեպքում Մոսկվայի դեմ նոր միջոցներ կձեռնարկվեն։