Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկրի դեսպանատան վերաբացումը «օրակարգում առաջնային է»:
«Դամասկոսում դեսպանատան վերաբացումը պահանջում է նախապատրաստական միջոցառումներ, որոնցից ամենագլխավորը դեսպանատան և նրա անձնակազմի անվտանգության ապահովումն է»,- ասել է Էսմայիլ Բաղային երկուշաբթի մայրաքաղաք Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդում է PressTV-ն։
Ըստ Mehr գործակալության՝ նա կոնկրետ ժամկետ չի նշել, սակայն հավելել է, որ Իրանը կաշխատի հասնել նպատակին «անհրաժեշտ պայմաններ ստեղծվելուն պես»։
Բաղային նշել է նաև, որ իրանցի ռազմական խորհրդականների գործուղումը Սիրիա հիմնարար նշանակություն ունի և հիմնված է որոշակի սկզբունքների վրա, մինչդեռ նրանց հեռանալը նույնպես պատասխանատու քայլ էր։ «Մենք չենք ձգտել գրավելու Սիրիան, ոչ էլ վերակենդանացնելու անցյալի կայսրությունները: Սիրիայում կարևորը հասարակական անվտանգության և ահաբեկչությունից անվտանգությունն ապահովելն էր: Մենք այնտեղ էինք այդ նպատակով և Սիրիայի (նախկին) կառավարության հրավերով։ Մենք Սիրիայում չենք եղել կոնկրետ անձի կամ խմբի աջակցելու համար։ Մեզ համար կարևոր էր մինչև վերջին պահը օգնել պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Կարծում ենք՝ տարածաշրջանի երկրներում անվտանգության գերակայությունը կերաշխավորի անվտանգությունն Արևմտյան Ասիայում»,-հայտարարել է իրանցի դիվանագետը։
Նա միաժամանակ դատապարտել է Իսրայելի վերջին գործողությունները Սիրիայի դեմ՝ հայտարարելով, որ «արաբական երկրի տարածքային ամբողջականությունը խարխլվել է, իսկ նրա տարածքի մի մասն օկուպացվել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպտագույն խախտմամբ»: