Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման ջոկատները հարձակվել են ԱՄՆ ռազմակայանի վրա, որ գտնվում է Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում` Կոնիկո գազային հանքավայրի մոտ։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սա շիաների զինված խմբավորումների կողմից արդեն հինգերորդ հարձակումն է վերջին օրերի ընթացքում։
ԱՄՆ զինված ուժերի օբյեկտները Սիրիայում և Իրաքում ավելի քան 140 անգամ հարձակման են ենթարկվել 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում սկսվեցին ռազմական գործողությունները։
Հունվարի 18-ին շիաների կազմավորումները Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ ԱՄՆ-ին նախազգուշացրել էին, որ կավելացնեն զինված գործողությունների քանակը Սիրիայում և Իրաքում նրանց ռազմակայանների դեմ, քանի որ «ամերիկյան հակառակորդը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելի բանակին, որն սպանում է խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Հարավային Լիբանանում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն հունվարի 23-ին հարվածել է Իրաքում գտնվող 3 օբյեկտների, որոնք օգտագործվում են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից։ Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի դեմ Իրաքում և Սիրիայում իրականացված հարձակումների։