Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան և արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանին ընդունել են Բահրեյնի Թագավորության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար դոկտոր Աբդալ Լատիֆ ալ-Զայանիի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, որ երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Բահրեյնի իր գործընկերոջը՝ Դամասկոս կատարած այցի համար, որի նպատակն է «աջակցություն հայտնել իր ճակատագիրը որոշելու Սիրիայի ժողովրդի կամքին, տարածքային ամբողջականությանը և Սիրիայի ու տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցերին»։
Ալ-Շայբանին հավելել է. «Այսօր մեր աշխատանքից անցել է մեկ ամիս, և այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք վերականգնել Սիրիայի՝ վաղուց կորցրած արաբական դերը, և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ներկայացնելու Սիրիան բոլոր արաբական համաժողովներում՝ սկսած Արաբական լիգայից»:
Նա նաև հավելել է, որ Սիրիան ձգտում է Բահրեյնի Թագավորության հետ հաստատել քաղաքական և տնտեսական գործընկերություն, որն օգուտ կբերի երկու երկրներին։
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից վերջերս տրված արտոնությունները ճանապարհ են հարթում սիրիացիների կենսապայմանների համար կարևոր ոլորտների, ինչպես նաև ներդրումներ կատարել ցանկացող երկրների համար։
2024թ․ դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ- Շայբանին պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրայի և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խատտաբի ուղեկցությամբ տարածաշրջանային շրջագայություն է իրականացրել, որի շրջանակում այցելել է Կատար, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները բարեկամ երկրների հետ։