
Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) եւ Դամասկոսի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո այդ կազմավորումների մոտ 7,5 հազար մարտիկներ կհամալրեն հանրապետության բանակի շարքերը։ Այս մասին գրել է Türkiye թերթը՝ հղում կատարելով Սիրիայի անկախ քրդերի միության նախագահ Աբդուլազիզ Թեմոյին։ Նա նշել է, որ 7,5 հազարը միայն ՍԴՈւ-ականների նախնական թիվն է, որոնք կծառայեն սիրիական բանակում։ Ինչ վերաբերում է ՍԴՈւ ոչ սիրիացի անդամներին, ապա նրանք ստիպված կլինեն լքել երկիրը։ Թեմոն ասել է, որ ՍԴՈւ մոտ 11 հազար մարտիկ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ են։ Դեռեւս Սիրիայի նոր իշխանությունների հետ ՍԴՈւ համաձայնագրի ստորագրումից առաջ PKK-ն բանակցություններ էր վարում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ամերիկյան կողմի հետ, սակայն կազմակերպության գրեթե բոլոր պահանջները մերժվեցին։ Այժմ, ըստ Թեմոյի, առանց զենքի PKK 11 հազար մարտիկ ստիպված կլինի լքել Սիրիան եւ մեկնել իրաքյան Ղանդիլ շրջան, որտեղ տեղակայված է PKK կենտրոնական կառույցը: ՍԴՈւ-ն իր հերթին շուտով պատրաստվում է կենտրոնական իշխանություններին փոխանցել Թիշրինի եւ Քարազոզաքի պատվարները։