Սիրիան ԱՄՆ-ին կօգնի դիմակայել Իրանին և «Հըզբո...

Սիրիան ԱՄՆ-ին կօգնի դիմակայել իր նախկին դաշնակիցներ Իրանին և լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, հայտարարել է Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ ողջունելով ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների բարելավումը՝ «օտարացումը փոխարինելով ներգրավվածությամբ»։

Սոցիալական ցանցերում Բարաքը տեղեկություն է տարածել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի այս շաբաթ Սպիտակ տուն կատարած պատմական այցի մասին, որը 1946 թվականին անկախությունից ի վեր Մերձավոր Արևելքի նախագահի առաջին այցն էր։

«Այս շաբաթը նշանավորում է Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմության մեջ վճռորոշ շրջադարձը և Սիրիայի մեկուսացումից գործընկերության անցման ուշագրավ վերափոխումը»,- նշել է Բարաքը։

Մի քանի ամիս շարունակ Սիրիայի գործը վերահսկելու պարտականությունը ստանձնած դեսպանը նշել է, որ Թրամփի և աշ-Շարաայի միջև բանակցությունները «հաստատել են ընդհանուր համոզմունքը. ժամանակն է փոխարինել օտարացումը ներգրավվածությամբ և Սիրիային և նրա ժողովրդին վերականգնման իրական հնարավորություն տալ»։

Ըստ նրա՝ Դամասկոսն այժմ ակտիվորեն կօգնի Միացյալ Նահանգներին «ԴԱԻՇ-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և այլ ահաբեկչական ցանցերի մնացորդների դեմ պայքարում և կգործի որպես նվիրված գործընկեր համաշխարհային խաղաղության ջանքերում»։

Նա միաժամանակ բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար կոալիցիային միանալու Սիրիայի ցանկությունը։

Դա, ըստ դեսպանի, «պատմական շրջանակ է, որը նշում է Սիրիայի անցումը ահաբեկչության աղբյուրից դեպի ահաբեկչության դեմ պայքարում գործընկերությունը՝ հանուն վերակառուցման, համագործակցության և ամբողջ տարածաշրջանի կայունության»։