Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:

Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ,

Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:

Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:

Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն կսահմանվի, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետեր կտեղակայվեն:

«Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի:

Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։

«Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։

Բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:։

ՀԻՇԵՑՈՒՄ
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի միայն 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո»,-ասվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում: