Չինաստանը կոչ է անում թույլ չտալ, որ թեժանա ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Ուկրաինական ճգնաժամը երկարում է։ Մենք պետք է խիստ հետեւենք երեք սկզբունքների՝ թույլ չտալ կողմնակի ազդեցություններ մարտական գործողությունների ընդլայնման հետեւանքով, թույլ չտալ թեժացում, ինչպես նաեւ գործողություններ, որոնք կարող են նպաստել լարվածության ուժեղացմանը»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովում։
Ինչպես նշել է Չինաստանի նախագահը, Չինաստանը Բրազիլիայի եւ Գլոբալ Հարավի շահագրգիռ երկրների հետ միասին ձեւավորում է խումբ, որը թույլ կտա «խաղաղության կողմնակիցների ավելի շատ ձայներ ներգրավել»։
Մայիսին տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքներով Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին եւ Բրազիլիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սելսու Ամորիմը հրապարակել են համատեղ կոնսենսուս վեց կետից։ Դրանում ասվում է, որ երկխոսությունը եւ բանակցությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ ուղին են։ Չինաստանը եւ Բրազիլիան առաջարկել են «հարմար ժամանակ» միջազգային խաղաղության համաժողով անցկացնել «բոլոր կողմերի իրավահավասար մասնակցությամբ եւ բոլոր խաղաղ պլանների քննարկմամբ»։