Շվեյցարիայի խորհրդարանը Հոլոդոմորը ճանաչեց որ...

Շվեյցարիայի խորհրդարանը 1932-1933 թվականների Հոլոդոմորը ճանաչել է որպես ցեղասպանության ակտ։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

Ընդունված հայտարարության մեջ խորհրդարանի ստորին պալատը՝ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ոչնչացնելու մտադրությամբ սովի միջոցով համակարգված զանգվածային և նպատակային սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն:

«Սա իսկապես պատմական որոշում է։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման և միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը պահպանելու ուղղությամբ»,- ասել է Ստեֆանչուկը։

Հայտարարությունը հաստատվել է 123 ձայնով, դեմ է եղել 58, ձեռնպահ՝ 7 պատգամավոր, հայտնում է Շվեյցարիայի խորհրդարանի կայքը։

Ըստ տեքստի՝ 1932 և 1933 թվականներին ուկրաինական սովի ժամանակ մահացել են չորս միլիոն ուկրաինացիներ, մոտ երկու միլիոն ղազախներ և հարյուր հազարավոր ռուսներ:

«Ազգային խորհուրդը որպես ցեղասպանության ակտ ճանաչում է հստակ համակարգված գործողությունները, որոնք հանգեցնում են զանգվածային և նպատակային սովի և կատարվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին, որպես այդպիսին, ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ», - ասվում է տեքստում: