Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարության...

Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։   Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ 

Դաշնային խորհրդի կողմից ընդունվելուց հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։ 

Համաժողովի նպատակը կլինի «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկվել է հայ բնակչությունից։ 

«Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին 1915 թվականին հայերի դեմ իրագործվեց՝ բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում տեղի են ունենում փաստագրված էթնիկ զտումներ. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները, սիստեմատիկորեն ոչնչացվում կամ ձևախեղվում են՝ «վերանորոգման» անվան տակ:  

Չնայած այս լուրջ իրադարձություններին, Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը: Միջազգային հանրությունը բազմիցս հանդես է եկել որոշակի դիրքորոշմամբ։ 

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ միջազգային ներկայության պայմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ավելի վաղ պատասխանատու էր միջնորդության համար, խիստ սահմանափակված է գործելու իր հնարավորություններով ՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով: 

Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում նաև, որ Շվեյցարիայի կողմից կազմակերպվելիք միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռորոշ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, ապահովել տեղահանված անձանց վերադարձը և այդպիսով նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը: 

«Շվեյցարիան եզակի հնարավորություն ունի օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը՝ հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա ՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասված է հիմնավորման մեջ։