ԱԴԾ ռազմական հակահետախուզության վարչության աշխատակիցները բռնել են ՌԴ ԶՈւ Կապի գլխավոր վարչության 1-ին վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Օգլոբլինին այն բանից հետո, երբ նրա դեմ ցուցմունքներ է տվել նրա նախկին ղեկավար, ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը, «Կոմերսանտին» պատմել են իրազեկ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Շամարինը քննության հետ գործարքի կնքման շրջանակում տեղեկացրել է, որ ինքը Օգլոբլինի հետ միասին կիսել է կաշառքը, որն ստացել են «Պերմի «Տելտա» հեռախոսային գործարան» ԲԲԸ-ից ՊՆ կարիքների համար հատուկ կապ գնելու ժամանակ։ Օգլոբլինը դրա համար ինքն էլ ցուցմունքներ է տվել Շամարինի դեմ եւ անցել որպես գործով վկա։ Ավելին, ինչպես հավաստիացրել են ՏԱՍՍ-ի աղբյուրները, գործը կառուցվել է Օգլոբլինի ներկայացրած տեղեկությունների հիման վրա։ Իր ցուցմունքների շնորհիվ գեներալ-մայորը, որը դատապարտվել է 2022թ. փետրվարին 4,5 տարվա ազատազրկման հափշտակումների համար, կարողացել է ժամկետից շուտ ազատ արձակվել։
Շամարինի դեմ գործի նյութերում, որը բռնվել է մայիսին, նշվել է, որ 2016թ. ապրիլից մինչեւ 2023թ. հոկտեմբեր գեներալը Պերմի վերոնշյալ ձեռնարկության գլխավոր տնօրենից եւ գլխավոր հաշվապահից ստացել է մոտ 36 մլն ռուբլի այն գործողությունների համար, որոնք «ուղղված են եղել Պերմի գործարանի արտադրանքի ծավալների եւ տեսականու ավելացմանը, ինչպես նաեւ ծառայության մեջ ընդհանուր հովանավորությանը»։ Այժմ Շամարինը պնդում է, որ այդ կաշառքից 10 մլն-ը ստացել է Օգլոբլինը, որը կատարում էր միջնորդի դեր։
Օգլոբլինը ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով պետական պաշտպանական պատվերի կատարման ժամանակ (ՌԴ ՔՕ 6-րդ մաս, հոդված 290)։ Ինչպես նշել է «Կոմերսանտը», նրա նոր գործում նկարագրվում են նույն դեպքերը, ինչ եւ Շամարինի գործում։ Միակ տարբերությունն այն է, որ Օգլոբլինը, քննության վարկածով, ստացել է կաշառք ըստ այն պայմանագրերի ընդհանուր հովանավորության համար, որոնք կնքվել են 2016-2021թթ.։
ՌԴ ՊՆ մաքրումը սկսվել է Սերգեյ Շոյգուի ՊՆ ղեկավարի պաշտոնից հրաժարականից ոչ շատ առաջ։ Ապրիլին միլիարդ ռուբլի կաշառքի գործով բռնվել եւ ձերբակալվել էր նրա կարեւոր տեղակալ Թիմուր Իվանովը։ Մայիսի կեսին քննչական մեկուսարան են ուղարկել ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին, որին նույնպես վերագրվում է 30,5 մլն ռուբլի կաշառք «քոթեջի տեսքով»։
Խարդախության գործերով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը եւ «Պատրիոտ» պարկի տնօրեն, գնդապետ Վյաչեսլավ Ահմեդովը, գերատեսչության պետպատվերի ապահովման վարչության ղեկավար, գնդապետ Վլադիմիր Վերտելեցկին, ինչպես նաեւ 58-րդ բանակի նախկին հրամանատար, գեերալ-մայոր Իվան Պոպովը։