Այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Կորյունի Խումարյանը:
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասնակիցներից Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայացած մրցույթին՝ նշելով, որ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանը չի եղել վերջնական փուլ անցած 5 թեկնածուների թվում:
Politik.am-ի հետ զրույցում Արա Շիրինյանը հերքեց իր կապը Գարեգին Խումարյանի ընտրության հետ՝ ասելով.«Նման բան չկա: Ես չեմ մասնակցել մրցութային հանձնաժողովի նիստին, ես ուղղակի մի օր առաջ հանդիպել եմ և որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհդրի նախագահ՝ իմ հայեցակարգային դրույթներն եմ ներկայացրել, ասել եմ՝ ինչպիսին եմ պատկերացնում ռադիոն, որից հետո մենք բաժանվել ենք: Ինձ նույնիսկ հարցնում էին թեկնածուներից, ես ասացի, որ որոշներին ճանաչում եմ, բայց որևէ մեկի անունը չեմ տալու, և դրանից մի օր հետո հանձնաժողովը կայացրել է այդ որոշումը»:
Շիրինյանը նշեց, որ Հռիփսիմե Առաքելյանը պարտված կողմ է, իր նման կարող են ևս 28 հոգի բողոքել.«Հինգ հոգանոց ցանկը աշխատանքային արարողակարգ է, ի վերջո հանձնախումբն է որոշում՝ քանի հոգուց ընտրի, ի վերջո մեկին պետք է ընտրի: Իրեն պետք է հարմար լինի՝ 5 հոգուց ընտրի, թե 7 հոգուց ընտրի, և որքան որ ես գիտեմ՝ Գարեգին Խումարյանը հենց սկզբից, երբ ես դեռ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկանծու չէի, դուր է եկել հանձնախմբի անդամներին»:
Մարիամ Սարգսյան



