ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ազդարարել է Աղետների դիմակայունության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմում դեկտեմբերի 11-ին անցկացվել է հանրային իրազեկման միջոցառում-հանդիպում․ ընդգրկվել են մարզպետի աշխատակազմի, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական և բժշկական հաստատությունների, շահագրգիռ այլ կառույցների պատասխանատուներ։
Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» աշխատաժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել աղետների կանխարգելմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ու դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանն ու ճգնաժամային հաղորդակցման և հանրային իրազեկման ընթացակարգերին։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը ողջունել է ներկաներին և կարևորել հանրության պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել աղետների հետևանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի և թիրախային խմբերին, միաժամանակ ամրապնդելով բազմակողմանի համագործակցությունը։