
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:
Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: