Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք։
«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։
Տեղեկությունն իրացնելիս՝ ապրիլի 9-ին ժամը 11:30-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին, և տեղափոխել Շենգավիթի բաժին։
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։
36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



