Շարունակաբար դատարկվող Սիզավետում հարսանյաց ս...

Շիրակի մարզի Աշոցք համայքնի Սիզավետ բնակավայրը հիմնադրվել է 1830-ական թվականներին: Ժամանակին մեծ գյուղ է եղել, բայց տարիների ընթացքում դատարկվել է: Վարչական ղեկավար Հենրիկ Պողոսյանի խոսքով՝ գյուղից արտագաղթն այսօր էլ շարունակական բնույթ է կրում՝ մեկնում են կամ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կամ Գյումրի:  Այս պահին գյուղում գրանցված 390 բնակչից ապրում է 320-ը՝ 56-57 տնտեսություն:

Պողոսյանի խոսքով՝ հեռանալու պատճառը հիմնականում վատ բնակլիմայական պայմաններն են, հակառակ դեպքում չէին հեռանա, որովհետև սոցիալական պայմանները վատը չեն.«Ամեն մարդ ուզում է կյանքի որակը բարձրացնել: Գյուղի սոցիալական վիճակը, համեմատած Հայաստանի մնացած բնակավայրերի, շատ վելի լավ է: Առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան 11-ն աշխատում են: Լավ են ապրում, գումարը հավաքում են ու գնում գյուղից»,-նշում է Հենրիկ Պողոսյանը:

Սիզավետում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ըստ վարչական ղեկավարի՝ բնակիչները դժվարությամբ են նոր ձեռնարկություն կամ աշխատանք սկսում՝ ի տարբերություն իրենց ընտանիքի: Պողոսյանների ընտանիքը խոշոր եղջերավոր անասուններ պահելուց բացի զբաղվում է նաև դաշտավարությամբ, տնամերձ այգիների մշակությամբ, մեղվաբուծությամբ, ձիթարտադրությամբ: Նաև ԱՁ են հիմնել ու արտադրած ձեթը վաճառքի են հանում:

Հարցին՝ ինչու՞ են գյուղում միայն իրենք զբաղվում տարատեսակ աշխատանքներով, իսկ մյուսները շարունակում նույնն անել, վարչական ղեկավարը պատասխանում է.«Մենք բոլորին առաջարկում ենք նոր բան փորձել: Գյուղը ծրագրեր է շահում, որոնց համար նաև պետությունն է ֆինանսավորում, բայց չեն ուզում, ստիպված միայն մենք ենք անում, իրենք էլի իրենց վարսակն են ցանում ու անասնապահությամբ զբաղվում»: 

Դժվար է հատկապես երկարատև ձմռան ընթացքում. գյուղում մշակութային կենտրոններ չկան, մանկապարտեզ չկա, միակ զբաղմունքը անասնապահությունն է մնում: 

Ըստ Սիզավետի վարչական ղեկավարի՝ գյուղում հարսանյաց սրահ կա, որը, սակայն, հազվադեպ է նպատակին ծառայում՝ ամուսնացողներ չկան: Այնտեղ ավելի շատ բանակ ճանապարհելու-դիմավորելու միջոցառումներ ու սգո արարողություններ են կատարվում: 

«Գյուղում մինչև 30 տարեկան 20-25 չամուսնացած երիտասարդներ կան, հիմնականում՝ տղաներ: Աղջիկներից շատերն այլ տեղերում են ամուսնանում»,-նշում է բնակավայրի երիտասարդ ղեկավարը, ով այդ 25-30 չամուսնացածներից մեկն է:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մարիամ Սարգսյան