Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից...

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը: 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց՝ ստանալով 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ են կատարվել: Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ 

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: 

«Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,–ասաց Հայկ Սարգսյանը: 

Նա ընդգծեց՝ հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին և արտաքին անվտանգային համակարգեր:

«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որ այն ամեն տարի բարձրանա և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն»,–ասաց պատգամավորը՝ հորդորելով քաղաքացիներին դուրս գալ օնլայն կազինոներից: 

Ըստ նրա՝ խաղամոլությունը կախվածություն ու հիվանդություն է՝ թմրամոլության նման, որը հնարավոր է բուժել: Պատգամավորը նկատեց՝ շատերն ասում են, որ այլևս չեն խաղա, եթե վերադարձնեն իրենց պարտված գումարները: «Սա ամենակործանարար միտքն է, որ կարող է լինել: Մոռացեք պարտված գումարները հետ բերելու մասին, դուք այն երբեք չեք կարող հետ բերել: Դրանց հետևից գնալով՝ էլ ավելի շատ եք պարտվելու և էլ ավելի շատ պարտքեր եք կուտակելու և կործանվելու եք վերջնականապես»,-ասաց Սարգսյանը: 

Պատգամավորը խոստացավ հետագայում ևս անել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանափակելու այդ արատավոր երևույթը: 

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց. «Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն այն է, որ ապրիլի 1-ից 2 անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական՝ այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև այն պահը, երբ կստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը և կներդրվի օպերատորի ինստիտուտը»:

Կառավարությունը, ըստ փոխնախարարի, չափազանց կարևորում է օպերատորի համակարգի ներդրումը:

Շահումով խաղերի ոլորտում վերահսկող օպերատորի համակարգի ներդրման մասին մարտի 5-ին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ համակարգը թույլ կտա պետությանը վերահսկել խաղադրույքները, շահումները և դրանց հարկումը։