Արցախի պետական ինսիտուտները խիզախաբար լուծարած նախագահ Սամվել Շահրամանյանը արդեն 15 օր է ինչ Հայաստանում է, բայց կես բառ անգամ հրապարակային չի հնչեցրել։ Ոչ ոք չգիտի, թե այդ մարդն ինչու է նման փաստաթուղթ ստորագրել, հիմա արդյոք հավատարիմ է այդ հրամանագրին, թե՞ շարունակելու է նախագահ աշխատել։
Շահրամանյանն այնքան ջանասիրաբար է լռում, որ շատերի մոտ կասկած է առաջացել, թե մարդը գուցե խոսել չգիտի։
Երեկ Արցախի տեղեկատվական շատաբը, 15 օր հետո շտապեց տեղեկացնել, որ Շահրամանյանն անպայման կխոսի, բայց թե երբ, դա հստակ չէ։
Շահրամանյանի լռությունն, ըստ ամենայնի, կապված է Նիկոլ Փաշինյանի իրեն ընդունելության չարժանացնելու հետ։
Լավատեղյակ մեր աղբյուրներն ասում են, որ Շահրամանյանը առաջին իսկ օրից հանդիպում է խնդրել Նիկոլ Փաշինյանից, բայց դեռ պատասխան չի ստացել։ Արցախցի պաշտոնյաներն էլ ամեն օր հարցնում են նախագահին, թե ինչ պետք է անեն, ինչ խոսեն լրագրողների հետ, ինչին ի պատասխան Շահրամանյանն ասում է, որ պլանների մասին կխոսի, երբ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա դեռ հույսը չի կորցնում, որ մի օր Փաշինյանն իրեն կընդունի։



