Հունվարի 29-ին Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք հայ-շվեյցարական պետական, միջխորհրդարանական համագործակցությանը և զարգացման հեռանկարներին։
Շնորհակալություն հայտնելով շվեյցարական կողմին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող դիրքորոշման համար՝ քննարկել ենք «խաղաղության օրակարգի» հնարավոր հետևանքները՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման, պահպանման ուղղությամբ։
Կարևորել ենք Արցախի ժողովրդի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի ընդունումը միջազգային համապատասխան ատյանների կողմից, ինչպես նաև հնարավոր բոլոր միջոցների կիրառումը՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին օր առաջ ազատ արձակելու նպատակով։
Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել Հայաստանում ներքաղաքական զարգացումների՝ իշխանության կողմից ժողովրդավարությունը խաթարող քայլերի, բռնաճնշումների և իհարկե քաղբանտարկյալների խնդիրներին»։



