Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 3 սմ նվազել է: Դրան զուգահեռ նույնաչափ լարվածություն կան նաև ջրամբարներում: Խնդրի շուրջ Politik.am-ը խոսեց բնապահպան, Սոս Սևան նախաձեռնության կազմակերպիչ Սիլվա Ադամյանի հետ, ով ասաց, որ իրենց տեսակետը հետևյալն է`մոտակա մի քանի տարիների ընթացքում լճից չի կարելի ջուր վերցնել.
«Սա անհիմն պնդում չէ, այս ամենը վկայում են այն տվյալները, որոնք ստացել ենք Սևանի խնդրով զբաղվող գիտնականների եզրակացությունից: Լճի վերաբերյալ այսօր մի քանի խնդիրներ կան` ջրի ջերմաստիճանի բարձրացում, լճի էկոլոգիայի փոփոխություն, ձկնային պաշարների ոչնչացում: Մասնագետները պնդում են` այս բոլորը կհանգեցնի լճի մի մասի ճահճացմանը, մյուս մասն էլ պարզապես կմահանա: Նույնիսկ կա տեսակետ, որ եթե անգամ մակարդակը բարձրանա, մոտակա 10 տարիների ընթացքում, ջուր չի կարելի բաց թողել: Չնայած նրան, որ բազմաթիվ մասնագետներ խոսում են սրա մասին, սայլը տեղից չի շարժվում»:
Բնապահպանը ավելացրեց` խնդիր կա նաև էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող Սևան-Հրազդան կասկադի հետ կապված, որը նույնպես բավականանին լուրջ կորուստներ է բերում: Տվյալներ կան, որ անօրինական ջրբացթողումներ են լինում, դրանից ստացված էներգիան էլ վաճառքի է հանվում:
«Ջրի մեջ ունենք նաև իշխանի արհեստական բազմացման գործարան, ինչը նույնպես նպաստում է ջրի որակի փոփոխությանը: Նշում են , որ ձկան պաշարների խնդիր ունեք, բայց այս պարագայում իշխանի արդարումը շատ քիչ քանակով է լիճ դուրս գալիս, մեծամասնությունը վաճառքի են հանում: Սևանին մնում է միայն կերի մնացորդը, որի մեջ 0.97 տոկոս գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմներ կան: Կերի մանցորդի մի մասը նստում է լճի հատակին, մյուսը`բարձրանում ջրի վրա:
Մասնագետների խոսքով`ձուկը` կոնկրետ սիգը պետք է ներսում բազմանա, էկոլոգիական կենսբազմազանություը պետք է գա իր բնականոն վիճակին, ինչին մենք անընդհատ խանգարում ենք:
Իսկ թե ի՞նչ անել ջրամբարների ջրալցման բավարար մակարդակ ապահովելու համար, Սիլվա Ադամյանն ասաց, որ խնդիրը անգործությունն է: Ջրամբարների հարցերը չեն լուծվում, քանի որ ձյան պաշարները չենք կարողանում հավաքել, սա էլ հանգեցնում է նրան, որ ամբողջ խնդիրը լճի վրա է դրվում.
«Անընդհատ լսում ենք, որ նոր ջրամբարներ կառուցելու ծրագրեր ունենք, ինչու դրանք կյանքի չեն կոչվում: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ էինք ասում, այդպես չի կարելի պարոնայք, դուք հույսներդ դրել եք Սևանի վրա, բայց վերջը լիճը կործանվելու է, հետո ի՞նչ ենք անելու: Կան մեթոդներ, որոնց միջոցով ձյան հալոցքի ժամանակ ջուրը հավաքվում է, դրանք էլ մենք չենք օգտագործում»:
Աննա Հովհաննիսյան



