
Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Մարիաննա Ռաֆայելյանը ներկայացրել է 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը:
Հաշվետվության համաձայն՝ վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 106.2 տոկոսով․ գերակատարումը կազմել է 8 միլիոն 732.6 հազար դրամ:
Եկամտատեսակներից գերակատարվել է հողի հարկը՝ 165.9 տոկոսով, տեղական տուրքերը՝ 8 անգամ, վարձակալության վճարը՝ 3 անգամ, ինքնակամ կառույցների օրինականացման վճարների պլանը՝ շուրջ 3 անգամ։ Տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրումը կազմել է 97.5 տոկոս , աղբահանության վճարը՝ 79.7 տոկոս:
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ներկայացրել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:
Ավագանին հաստատել է 2025 թվականի 1-ին եռամսյակում Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:
Ավագանու որոշմամբ Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում և համայնքի աշխատակազմում ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով և սահմանվել գործունեության կարգը:
Սևան համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ Ծաղկունք բնակավայրում անվանակոչվել են փողոցներ:
Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:
Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել համայնքում մեկնարկած սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին։