Սերժ Սարգսյանը՝ Էդմոն Մարուքյանին․ ԼՀԿ-ՔՊ սիր...

Հայաստանում ոչ ոք չի մոռացել «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների՝ 2017 թվականի սիրավեպը, հայտարարել է երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ինքը տարակուսում է, երբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «երկիմաստ զուգահեռներ» է անցկացնում ՀՀԿ-ի ու ՔՊ-ի մոտեցումների միջև։

Նախկին նախագահի խոսքով՝ Հայաստանում դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին «դավաճանի կառավարության մաս կազմելու» մասին. նշում է՝ «միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից»։

Սարգսյանն անդրադարձել է Մարուքյանի հայտարարություններին՝ կապված 44-օրյա պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ (ՀՀԿ-ն չի միացել դրան,- խմբ․)։

Ըստ երրորդ նախագահի՝ Մարուքյանի հայտարարությունները «հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում»: Սարգսյանի պատասխանն իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված: Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք՝ տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը»,- գրել է Սարգսյանը՝ նշելով, որ ի տարբերություն ՔՊ-ի, իրենք շահագրգիռ են «բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները»:

Սարգսյանի խոսքով՝ իրենք, ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում են, որ «գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է»:

«Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր: Նույն Պատրոն Դավիթի (Դավիթ Գալստյանի,- խմբ.) գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու»։

Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակում, հայտարարել է Սարգսյանը` եզրակացնելով Մարուքյանը պաշտպանում է հանձնաժողովի ստեղծումը երկու հնարավոր տարբերակի պատճառով՝ կամ քաղաքական հերթական հնարքն է, կամ էլ սպասարկում է իշխանության շահը։

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է անցումային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել՝ «հանրային համերաշխությունը վերականգնելու համար»։ 2020-ի դեկտեմբերին ԼՀԿ-ն մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։