Ռուսաստանի ԱԳ նախարարը ռուսական Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետպատերազմական իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղում պատերազմի՝ հայերի համար անբարենպաստ ելքը բացասաբար չեն անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության ոգով: «Մեր երկիրը միշտ պատրաստ է օգնության հասնել եղբայրական հայ ժողովրդին. Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ գործընկերների կողմից», - ասել է Լավրովը:
Թե որտեղից է Ռուսաստանի ԱԳ նախարարին այս լավատեսությունը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, դժվար է ասել, սակայն նրա լավատեսությանը կարելի է նախանձել։ Շատ հետաքրքիր է նաեւ, թե ինչ նկատի ունի Սերգեյ Լավրովը հայ-ռուսական հարաբերություններ ասելով։ Եթե Լավրովը «հայ-ռուսական հարաբերություններ» ասելով նկատի ունի միայն Երեւան-Մոսկվա միջպետական հարաբերություններին, ապա կարելի է համարել, որ գոնե հանրային տեսանելի մակարդակում բան չի փոխվել․ այսինքն՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն իրականացնել Ռուսաստանի վասալի դերակատարությունը, անմռունչ կերպով «դակմամբ» համաձայնելով բոլոր այն պահանջներին, որոնք առաջադրում է Մոսկվան՝ ուղիղ կամ միջնորդավորված ձեւով։
Սակայն հայկական արմատներ ունեցող ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մոռանում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գոնե Կրեմլի մոտեցմամբ՝ միայն Երեւան-Մոսկվա հարաբերությունները չեն, այլ՝ Հայկական Սփյուռք-Մոսկվա հարաբերությունները նաեւ, ու այստեղ հաստատ չափազանց փոքր է Ռուսաստանի Հայերի միություն կոչված կառույցի դերակատարությունը, որի լոբբիստական աշխատանքը բացարձակապես չերեւաց, ի տարբերություն Հայ Դատ հանձնախմբերի, որոնք հասան այն բանին, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ լայն հնարավորությունների դուռ բացելով հետագա գործողությունների համար։
Ամենայն անկեղծությամբ կարող ենք արձանագրել, որ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Լատինական Ամերիկայի, ոչ Ֆրանսիայի ու ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի հայությունը ռուսամետ տրամադրություններ չունի եւ որպես դիտորդ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածությունների արդյունք, իսկ միայն չարաբաստիկ ու ողբերգական պատերազմի վերջավորությունից 5 պակաս Մոսկվայի միջամտությունը ամենեւին չի համարում Ռուսաստանի եղբայրական օգնությունը Հայ ժողովրդին։
Հայկական Սփյուռքը կամ Հայկական ներուժը, որը մշտապես կարեւորվել է ռուսական իշխանությունների կողմից ցարական ժամանակներից մինչեւ Պուտինյան բռնակալություն, լրիվությամբ այլ մոտեցում ունի Ռուսաստանի ներկայիս վարչակարգի եւ նրա ղեկավարի հանդեպ։ Հետեւաբար, Լավրովը ավելի ճիշտ կաներ ավելի իրատեսական արտահայտվեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, չմոռանալով, որ Հայ ժողովուրդը շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր բոլոր համակիրներով հանդերձ։



