Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև ապագա բանակցությունների համար։ Նրա խոսքով՝ և՛ Պուտինը, և՛ Թրամփը Սերբիայում մեծ ճանաչում են վայելում։
«Ես երբեք չեմ խառնվել համաշխարհային խնդիրներին, բայց Սերբիան շահագրգռված է ՌԴ և ԱՄՆ նախագահի հանդիպման վայր դառնալու համար», - ասել է Վուչիչը Pink TV-ի եթերում: Նրա խոսքը մեջբերում է kommersant.ru-ն:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Նա չի հստակեցրել հանդիպման ժամկետն ու ձևաչափը, սակայն հավելել է, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ակնկալվում է հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև։
Հունվարի 10-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ՌԴ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, և կողմերը սկսել են նախապատրաստվել միջոցառմանը։ Մինչդեռ Կրեմլը հայտնել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահի թիմից հանդիպման խնդրանք չի ստացել, սակայն ՌԴ նախագահը բաց է կառուցողական երկխոսության համար։