Տեսանյութ. Փաշինյանը չի՞ ամաչում իր 30 տարվա...

Չափազանց սիմվոլիկ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դառնալու մասին օրենքի ընդունմանը զուգահեռ, որը կիրառվելու է գալ տարվա հունվարի մեկից, եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները կրկնապատկելու մասին գաղտնի հանձնարարականի մասին տեղեկությունները հաջորդեցին միմյանց։ Որեւէ մեկի համար կարծես թե գաղտնիք չի լինի ասել այն, որ ներկայիս պայմաններում աշխատող մարդուն Հայաստանում 55 կամ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ տալն ու նախարար-փոխնախարար աշխատավարձները կրկնապատկելն ու հետո սոցիալական արդարությունից ու արժանապատիվ վաստակելու մասին խոսակցությունները դառնում են անբարոյական, հատկապես, երբ պաշտոնյաների դեպքում դա արվում է գաղտնի։

Ոչ վաղ անցյալում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր էր խաղում, ԱԺ-ում, երբ քննարկվում էր Սերժ Սարգսյանի, մյուս պաշտոնյաների աշխատավարձների բարձրացման հարցը, ընդ որում, դա ոչ գաղտնի էր, այլ հրապարակային, պատգամավոր Փաշինյանը բավական ծավալուն ելույթով քննադատում ու քարը քարի վրա չէր թողնում այդ նախագիծը։ Ճակատագրի հեգնանքով թե այլ պատահականության դիպվածով, այժմ նրա խոսքերը իրեն իսկ հետ վերադարձնելու ժամանակն է։

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները բարձրացվում են, ընդ որում գաղտնի հանձնարարականով այն դեպքում, երբ այդ պաշտոնյաները հազար ու մի սոցիալական երաշխիքներից են օգտվում ու կարելի է ասել, քիչ կարիք ունեն նման շռայլ բարձրացումների այն դեպքում, երբ դպրոցի կամ հիվանդանոցի մաքրուհին, ով ստանում է նվազագույն աշխատավարձ, համարվում է Հանրապետության ամենախոցելի խավերից մեկը, սակայն դեռ ուրախ է, գոնե Երեւանից դուրս է այդպես, որ այդ գործն էլ ունի։

Իհարկե, կառավարությունը եւ Փաշինյանն անձամբ կարող է հերթական ճամարտակիչ հայտարարությունն անել ու ասել, որ ուսուցիչների աշխատավարձներն ենք բարձրացրել, բժիշկների աշխատավարձներն ենք բարձրացրել, սակայն այդ բարձրացումները նախ չես համեմատի կրկնապատկման հետ եւ հետո էլ ուսուցիչն ու բժիշկը չունի նույն սոցիալական երաշխիքները հավելյալ, ինչ ունի նախարարն ու փոխնախարարը։

Օրինակ ինչի համար է բարձրացվել Ֆելիքս Ցոլակյանի աշխատավարձը, նրա համար որ Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս զինվորականների՝ հայկական բյուջեից ստանալիք հնարավոր թոշակի վրա էր ուզում «վայիս լինել», կամ էլ նրա համար, որ իր ղեկավարած նախարարությունից մարդիկ պարզապես հեռանում են խումբ խումբ ու կան նաեւ ֆինանսական խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնվեց նույնիսկ ԱԺ ամբիոնից։ Ժամանակին Փաշինյանն ասել է «Սայլակով առաջին կարգի հաշմանդամը ստանալու է ոչ թե 18 200 դրամ, ինչպես այս տարի, այլ մի ամբողջ 1400 դրամով ավելի` 19 600 դրամ:

Աշխատանքային կենսաթոշակների այսպես կոչված բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին ստանալու է 30 200 դրամ թոշակ, մինչդեռ պաշտոնական վիճակագրությամբ պարենային զամբյուղը Հայաստանում 32 099 դրամ է: Այսինքն 30 տարի աշխատած քաղաքացու թոշակը նույնիսկ չի հերիքելու իր անձի ամենահամեստ պահանջները բարելավելու համար»։ Ինչ է արել Փաշինյանը այս մարդկանց սոցիալական ծանր պայմանները թեթեւացնելու համար։ Ժամանակին Փաշինյանն ասել է, որ Հայաստանում կա 1 մլն 146 հազար մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է։ Ինչ է արել նա կամ նրա կառավարությունը այս թիվը մեղմելու, աղքատությունը ոչ թե վերացնելու այլ գոնե հաղթահարելու համար։ Մարդիկ հիշում են Փաշինյանի ելույթները անցյալում ու գործողությունները հիմա ու դրա համար են հիասթափվում ու զայրանում։

Ի դեպ 2013 թվականի իր ելույթում պատգամավոր Փաշինյանն ասում էր. «Տիկնայք և պարոնայք ես դեմ եմ այս նախագծին ոչ այն պատճառով, որ չեմ ուզում աշխատավարձս բարձրանա, այլ որովհետև ունեմ երեք հիմնավոր պատճառ: Պատճառ առաջին, եթե վաղը հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին և նա հարցնի ինչու՞ իր թոշակը այնքան չեն բարձրացնում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ իմ աշխատավարձը կրկնապատկելուն կողմ եմ քվեարկել ես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին...»,-ասել էր Փաշինյանը:

Հիմա էլ թոշակների առումով էական փոփոխություններ չեն եղել, բայց Փաշինյանն իր նախարարների աշխատավարձը կրկնապատկել է: Հետաքրքիր է Փաշինյանը հիմա հանդիպում է՞ իր ուսուցչին: Արդյո՞ք հիմա չի ամաչում իր քայլից: