Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 26-ին, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշումը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։
Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։



