
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
«Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող ավարտը», – Ռիադում կայացած մամուլի ասուլիսում ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցություններ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու համար։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆը։
Սաուդյան Արաբիան ձգտում է զարգացնել սեփական միջուկային ծրագիրը՝ որպես տնտեսական դիվերսիֆիկացիայի և նավթի արտահանումից կախվածությունը նվազեցնելու մի մաս։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը բազմիցս հայտարարել է, որ թագավորությունը ստիպված կլինի միջուկային զենք ձեռք բերել, եթե Իրանը հաջողության հասնի այդ գործում։