Ես, որպես ԱԺ փոխխոսնակ, բացասական եմ գնահատում Հրայր Թովմասյանի այստեղ չլինելը և ինստիտուտի նկատմամբ, ըստ էության, անհարգալից վերաբերմունքը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկման ընթացքում ասաց Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Մեջբերելով Թովմասյանի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը՝ Սիմոնյանն ասաց. «Պարոն Թովմասյան, Դուք ՍԴ-ն չեք, Դուք միայն մեկ անդամն եք այդ դատարանի։ Մի վերագրեք Ձեզ այդ դատարանի ամբողջ ֆունկցիան։ Մի փորձեք դրանով «հանցակից դարձնել» ՍԴ մնացած անդամներին, դատավորներին։ Ասում եք՝ քաղաքական որոշում, ինչ որոշման մասին է խոսքը։ Ընդամենը մեկ հարցի շուրջ է այս օրերին քննարկում եղել, որի հետ կապված Դուք որոշում եք հրապարակել, որի շահագրգիռ, հետաքրքրվող կողմերը ընկել են կոֆե-բաժակ նայողի մոտ, որ հասկանան, թե դուք ինչ եք գրել որոշման մեջ։ Ասում եք՝ Սահմանադրության մասին օրենքը չի ասում, թե սենց պետք է լինի, կամ նենց պետք է լինի։ Դուք եք գրել էդ օրենքը՝ Ձեր վրայով, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշանակի։ Բացի օրենքից՝ ՍԴ դատավորը պետք է վստահություն վայելի հանրության մոտ։ Դուք, պնդում եմ, վստահություն չեք վայելում։ Չեք վայելում, որովհետև գրել եք Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, չեք վայելում, որովհետև Սերժ Սարգսյանի համար Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, որ կարողանա տեսնել, թե ով իրեն որքան ձայն է բերում, որ ըստ դրա վարձահատույց լինի։ Հանրությունը Ձեզ չի վստահում։ Եվ չի վստահելու այսուհետ։ Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք՝ նա չկա, ով Ձեզ նշանակել է։ Այո նա չկա։ Ձեզ նա չի նշանակում, Ձեզ ԱԺ-ն է նշանակում։ Այո, նա չկա ու Դուք գնալու եք նրա հետևից։ Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ տարիներին, Դուք եղել ենք նրա փաստաբանը, նրա պրոեկտները իրականացնողը և դրանց իրավական ձևակերպում տալու համար Ձեզ վարձահատույց են եղել։ Դուք վստահություն չեք վայելու, պարոն Թովմասյան»,-ասաց Սիմոնյանը։



