Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակման մասին ոստիկանություն է ահազանգել Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Աշխատակցի փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: Հարձակվողի պահանջները չեն կատարել և նա, ոչինչ չստանալով, փախուստի է դիմել:
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։
Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի: Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա, որպես կասկածյալ, ձերբակալվել է:
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



