Սարատովի օդանավակայանը երկու շաբաթում երկրորդ...

Սարատովի «Գագարին» միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակ է ինքնաթիռներ ուղարկելու եւ ընդունելու համար, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։ Չվերթների կարգավիճակի մասին հրատապ տեղեկություն խորհուրդ են տվել որոնել օնլայն վահանակին, ինչպես նաեւ հաստատության կայքում։ Օդանավակայանի փակման պատճառը մամուլի ծառայությունում չեն նշել։ «Ռոսավիացիայում» միջոցները բացատրել են «քաղաքացիական օդանավերի անվտանգության ապահովման» անհրաժեշտությամբ։

Մինչ այդ Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը տեղեկացրել էր անօդաչուների գրոհի սպառնալիքի մասին՝ նշելով, որ տեղեկությունն ստացվել է ՊՆ-ից։ «Լոկալ աշխատում են իրազեկման համակարգերը։ Բոլոր արտակարգ ծառայությունները բերված են լիակատար պատրաստ վիճակի»,- ավելացրել է նա։

«Գագարին» օդանավակայանը փակվում է անօդաչուների գրոհի սպառնալիքի պատճառով վերջին երկու շաբաթում երկրորդ անգամ։ Մինչ այդ նման միջոցներ ձեռնարկվել էին հոկտեմբերի 31-ին։ Այդ օրը, դրոնների գրոհի պատճառով, փակվել են նաեւ Ուֆայի եւ Սամարայի օդանավակայանները։

Վերջին երկու շաբաթում ուկրաինական ուժերը Սարատովը գրոհում են արդեն երրորդ անգամ։ Վեց անօդաչուներ նկատվել էին նոյեմբերի 8-ին։ Իշխանությունների հավաստիացմամբ՝ բոլոր դրոնները խփվել են, բայց դրանցից մեկի բեկորներն ընկել են Զավոդսկի շրջանի արդյունաբերական գոտում։ Այդտեղ է գտնվում Սարատովի նավթավերամշակման գործարանը Վոլգայի նավահանգստով։ Տեղի բնակիչները տեղեկացրել են հրդեհի մասին ձեռնարկության մոտ եւ տեսանյութ տեղադրել համացանցում։ «Саратов 24» հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ խփված դրոնի բեկորները ընկել են մազութի պահեստարանում եւ հատուկ սարքերից մեկի վրա։ Սարատովի ՆՎԳ-ն, որը նախկինում հայտնի էր որպես «Կրեկինգ» գործարան, պատկանում է «Ռոսնեւտին»։