Քաղաքացին պատրաստվում է զենք վերցնել, որպեսզի...

Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանը Politik.am-ի հետ զրույցում ներկայացնում է, որ նույն շրջանում գտնվող իր հողատարածքը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, մասնավորապես նրա կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը։

Մկրտչյանը հայտարարում է, որ 28 տարի մշակել է այգին, մեր դիտարկմանը, թե ըստ լուսանկարների, այնտեղ այդ տարիքի ծառեր չկան, նոր են, Մկրտչյանը մեկնաբանում է.

«Ծառեր կարող են լինել 1996-97 թվականից սկսված՝ այսինքն, այս պահին եղած ամենամեծ ծառերը 21-22տարվա են: Եղել են ծառեր, որ կտրվել են, բերքատու ծառերը այդքան երկար չեն ապրում: Ես հենց սկզբից ծառ չեմ տնկել, որովհետև երբ հողատարածքը տրամադրեցին մեզ, երկար ժամանակ էր անհրաժեշտ ջրելու խնդիրը կարգավորլու համար, տևեց մոտ 3-4 տարի: Այստեղ նաև գողության խնդիր կա. տնկին դնում ես, հաջորդ օրը տեսնում՝ տարել են»:

Հակառակ կողմը փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ Կադաստրի պաշտոնական պատասխանում նշված չէ, որ Մկրտչյանը երբևէ վարձակալել է այդ հողատարածքը.

«Այդ թուղթը ինձ էլ ցույց տվեց: Այն ժամանակ, երբ այս հողերը բաժանել են, սրանք եղել են կոլտնտեսության հողեր: Այստեղ իմ պապն է աշխատել: Շենգավիթցիների 90 տոկոսը կոլտնտեսականներ են եղել: Երբ Խորհրդային միությունը քանդվեց, կոլտնտեսությունները վերացան: Որպեսզի այդ հողերն անմշակ չմնան, այն ժամանակվա իշխանությունները 1991 թվականին բաժանեցին այս հողերը՝ այս ամեն տանն ապրող շնչի: Մեր ընտանիքում 12 անդամ կար, և մեզ տրամադրեցին 4000 քմ հողատարածք: Որևէ փաստաթուղթ սկզբնական ժամանակում չտվեցին մեզ, բայց սկսեցինք հողի վարձերը մուծել: Վճարման բոլոր կտրոններն ունեմ: Անցավ ժամանակ, երբ թաղապետ էր Մարտին Սարգսյանը, 1997 թվականին 6 տարով հողի վարձակալության պայմանագիր կապեց: Պայմանագրում հստակ գրված են և՛ իմ պարտականությունները, և՛ հողը տվողի պարտավորություններ:  Այն ժամանակ նաև այդ կադաստր հասկացողությունը չկար, բացի այդ՝ ամբողջ Շենգավիթում այդ հողօգտագործողներից որևէ մեկը նման բան չի կարող ցույց տալ»:

Հարցին, թե փաստացի կա օրինական սեփականատեր, այդ դեպքում ինչ լուծում է Սամվել Մկրտչյանը պատկերացնում, պատասխանեց.

«Ես իրեն չեմ համարում օրինական սեփականատեր:  Կատարված աճուրդներից ոչ մեկը տեյակ չի եղել:  Ես եղել եմ հողօգտագործող, այս հողից մի օր անգամ չեմ կտրվել, ըստ օրենքի՝ քաղաքապետարանից առաջինը ինձ պետք է տեղեկացնեին աճուրդի մասին, եթե ասեի՝ չունեմ այդքան գումար, պարտավոր էին ըստ օրենքի փոխհատուցել իմ ծախսերը»:

Դիտարկմանը, թե հակառակ կողմն ասում է՝ ինքն ի՞նչ մեղավոր է, որ Սամվել Մկրտչյանին տեղյակ չեն պահել աճուրդի մասին, Մկրտչյան ասում է.«Ես էլ մեղավոր չեմ: Բարի լինեին, մի օր գային, ասեին՝ մենք էս հողը գնել ենք,  ոչ թե 10 տարի հետո գալ, ասել՝ գնել ենք»:

Մկրտչյանին հարցրինք՝ պատրա՞ստ է այժմ սեփականատերից 60 միլիոն դրամով գնել հողատարածքը.«Եկել, այնպիսի գին են ասում, որ գիտեն՝ տվյալ մարդն ի վիճակի չէ դրան գնալու: Ես ընդամենը ազատամարտիկ եմ եղել, պետությունն այժմ ինձ թոշակ է տալիս՝ որպես նախկին զինվորական: Այդ թոշակի մի մասն օգտագործում եմ իմ կարիքների համար, մյուս մասով մշակում եմ այգին: Ինձ որտեղից նման աստղաբաշխական գումարներ»:

Սամվել Մկրտչյանն ասում է՝ պատրաստ է մինչև վերջ պայքարել.«Ես հողը չեմ թողնի: Սա իմ պապից ստացած հողն է: Ես պատրաստ եմ խրամատ փորել, զենք վերցնել ու այստեղ իմ վերջին կռիվը տալ, բայց երբեք այս հողից ինքնակամ դուրս չեմ գա: Իմ մեռնելուց հետո թող գան, ինչ ուզում են՝ անեն: Ես պատերազմում կենդանի մնացի, որ այսօր նման անարդարություննե՞ր տեսնեմ»: