Ֆակտոր․ամ-ը գրում է․
Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։
Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 մլն դրամ։ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։ Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից՝ մյուս արտադրողների համեմատ։ «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը վաճառվում է Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ երշիկեղեն գնողներին գրեթե մշտապես առաջարկում են «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը։
Ալեքսանյանը Կառավարությանը տեղեկացրել է, որ այս 1,6 մլրդ դրամի ներդրումից հետո պատրաստվում է աշխատակիցների թիվը 135-ից հասցնել 155-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 264 հազար դրամից 315 հազար դրամի։ Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին նախկինում անխնա քննադատում էր՝ նրան վերագրելով ընտրակեղծարարություն և կառուպցիա, Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առջև չկանգնեց։ Նա 2018-ին միայն կատարեց ՀՀԿ-ի օրոք չկատարած հարկային պարտավորությունները։ Այժմ նա Փաշինյանի տնտեսական ծրագրերի առանցքային մասնակիցներից է։



