Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այց է կատարել Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Սալիվանի այցի նպատակն է «վերահաստատել ԱՄՆ-ի անսասան հանձնառությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ ինքնապաշտպանության գործում»։

Սալիվանը և Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի օգնության տարբեր հարցեր, ինչպես նաև ընդգծել են Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության կարևորությունը։

Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինայում սպառազինության և զինվորների պակաս կա, և երկրի առջև ծառացած խնդիրների պայմաններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռ չի հաստատել անվտանգության աջակցության փաթեթը, որը ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Սալիվանը Զելենսկիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ասուլիսում վստահություն է հայտնել, որ այդ օգնությունը կհասնի Ուկրաինային։